Արա Կարախանյանը մասնակցել է Արցախյան առաջին և վերջին պատերազմներին։ 17 տարեկանում կամավորագրվել է և Շուշիի ազատագրման մարտերում օգնել մեր ռազմիկներին։ 1993 թվականի նոյեմբերից մինչև 1994 թվականի փետրվարը պատերազմել է Քարվաճառում։ Այնուհետև՝ մինչև 1995 թվականի մայիսը‚ մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը։
2020 թվականի սեպտեմբերի 29-ին զինկոմիսարիատից ստացած զանգից հետո անմիջապես մեկնել է ռազմաճակատ։ Մասնակցել է Աղդամի տարածաշրջանի ամենավտանգավոր մարտական դիրքերից մեկի պաշտպանությանը՝ թշնամուց մոտ 60 մետր հեռավորության վրա։ Արա Կարախանյանն ու իր զինակից ընկերները թեժ մարտերում մինչև վերջ պահել են իրենց վստահված դիրքը։ «Նոյեմբերի 19-ի առավոտյան կարգադրություն ստացանք և 5 պահեստազորայիններով՝ Լևոնը‚ Գևորգը‚ Կարենը‚ Գևորգը‚ ու զինծառայողներով իջանք մեր դիրքից‚ քանի որ նոյեմբերի 20-ին այդ տարածքները պետք է անցնեին հակառակորդին»‚- պատմում է Արա Կարախանյանը։
Ըստ նրա՝ իրենց դիրքում մարտերը բավականին թեժ էին ընթանում։ 2020 թվականի պատերազմը‚ ըստ նրա‚ համեմատության եզր չունի Արցախյան առաջին պատերազմի հետ։ «Այս վերջինը ավտոմատի կռիվ չէր‚ մենք 24 ժամ եղել ենք տարբեր զենքերի հրետակոծման տակ։ Մեր գլխին երևի թե միայն «Սմերչ» ու «Գրադ» չի թափվել, այն էլ երևի նրա համար‚ որ եթե այդ զինատեսակները կիրառվեին‚ միանշանակ ադրբեջանական դիրքերն էլ էին վնասվելու‚ որովհետև շատ մոտ էինք միմյանց գտնվում։ Կրակում էին Տ-90 տանկից‚ ականանետով‚ տարբեր տեսակի զենքերով։ Պատասխան մեր կողմից եղել է‚ թիկունքից մեր հրետանին շատ դեպքերում հասցրել է չեզոքացնել հարձակումները։ Երկու «կուկուռուզնիկ» ենք գցել‚ մեկ ուղղաթիռ‚ մի քանի անօդաչու թռչող սարք։ Ձախ կողմում Ասկերանի մեր հրետանին էր աշխատում‚ որը մեծ օգնություն էր ցույց տալիս նաև մեզ։ Համատեղ ուժերով առաջնագիծը մինչև վերջ՝ մինչև նոյեմբերի 9-ը‚ պահել ենք»‚- ասում է Արա Կարախանյանը, ավելացնելով‚ որ պայքարել են զենքով հզոր թշնամու դեմ։
Մեր զրուցակիցը‚ որ շուրջ մեկուկես ամիս պատերազմել է 18-20 տարեկան տղաների հետ‚ նշում է‚ որ երիտասարդների մարտական ոգին շատ բարձր էր‚ ուժը‚ հմտությունը տեղը. «Չեմ թաքցնի‚ պարզ կասեմ‚ որ 5-6 անգամ ինձ մահից փրկել են մեր երեխեքը։ Նրանք այնքան էին հմտացած‚ այնքան լավ էին պատկերացնում իրավիճակը‚ որ կարողանում էին ճիշտ և ժամանակին արձագանքել։ Մեր տարածքում‚ փառք Աստծո‚ զոհ չենք տվել։ Հրետակոծություններից մեկի ժամանակ ժամկետային զինծառայողներից մեկը ոտքից վիրավորվել է»։
Արա Կարախանյանը նշում է‚ որ մինչև օրս կապ են պահպանում զինակից ընկերների հետ. «Զինծառայողները մշտապես զանգում ու հետաքրքրվում են իրենց հետ կռված պահեստազորայինների առողջությամբ։ Հարցնում ենք՝ ինչ է պետք‚ ինչ կարող ենք ուղարկել։ Հինգ պահեստազորայիններով հանդիպում ենք‚ նույնիսկ առաջիկա ծրագրեր ունենք։ Թև-թիկունք տված ամենանեղ պահին փորձել ենք իրար զորավիգ լինել‚ ու այդպես 51 օր մեջք մեջքի իրար պահել ենք‚- ասում է Արա Կարախանյանն ու բոլորին մաղթում խաղաղություն։- Այն‚ ինչ ես տեսել ու զգացել եմ իմ կաշվի վրա‚ չէի ցանկանա ոչ մեկին։ Ցավում եմ‚ որ այդքան զոհ ենք տվել‚ ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին։ Վիրավորներին առողջություն եմ մաղթում։ Ամենակարևորը՝ մարդ‚ այս ամենից‚ հոգեբանորեն չպետք է կոտրվի։ Թող էլ նման բան չլինի‚ և Աստված պահապան բոլորիս»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ